ԻՐԱՎՈՒՆՔ թերթի նամակագրի հարցին պատասխանել է Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

ՀԱՐՑ — Մի քանի տարի է, ինչ անտարբեր եմ կյանքի ուրախությունների հանդեպ, խուսափում եմ հյուր գնալ կամ ընդունել: Վարքագիծս բացասական է ազդում ընտանիքիս անդամների վրա: Առջեւում Ամանորն է… Ինչպե՞ս հաղթահարեմ լարված իրավիճակը… Փորձել եմ հակադեպրեսանտներ խմել, բայց անօգուտ:

ՊԱՏԱՍԽԱՆ — Նախ սկսենք նրանից, որ պետք է ձգտենք լավ տրամադրության, առողջ հարաբերությունների ողջ տարվա ընթացքում եւ ոչ միայն Ամանորի համար: Ինչ վերաբերում է Ամանորին, ապա, այո, այն կարող եք դիտարկել որպես կյանքի նոր էջ բացելու,  հարաբերությունները վերանայելու, ընտանեկան ներդաշնակությունն ու ջերմ մթնոլորտը վերագտնելու առիթ: Սակայն, թե ինչու եք անտարբեր ուրախությունների հանդեպ կամ ինչու եք խուսափում շփումներից, պատճառները տարբեր կարող են լինել:
Հարգելի նամակագիր, սովորաբար նման գանգատները բնորոշ են դեպրեսիվ վիճակին, երբ տեւական անկումային տրամադրությունն ուղեկցվում է հետաքրքրությունների, հաճույքի զգացումի նվազումով կամ կորստով, ինքնամփոփությամբ, ցածր ինքնագնահատականով, ճնշվածությամբ, մեղքի զգացումով, նկատվում է վատատեսություն, հուսահատություն:
Նման դեպքերում զերծ չենք մնում նաեւ ֆիզիկական գանգատներից, քնելու, սնվելու ռեժիմի փոփոխություններից: Առավել եւս, եթե այն անհանգստացնում է արդեն մի քանի տարի եւ բացասաբար է ազդում նաեւ ընտանեկան մթնոլորտի վրա, հետեւաբար ցանկալի է եւ անհրաժեշտ դիմել անհատական հոգեբանական խորհրդատվության օգնությանը, որը հնարավորություն կտա ավելի լավ հասկանալ, գնահատել իրավիճակը եւ քայլ առ քայլ հաղթահարել վերը նշված բացասական դրսեւորումները:
Հակադեպրեսանտների օգտագործումը դեռեւս հոգեբանական խնդրի վերացում չի ապահովում, քանի դեռ հենց ինքը` հոգեբանական խնդիրը չի լուծվել: Ամեն դեպքում, նախքան դեղորայքին դիմելը` նպատակահարմար է ստանալ մասնագիտական համապատասխան խորհրդատվություն եւ այնուհետ ընտրել բուժման ստրատեգիան` մասնագետի հետ միասին:

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика