Աղբյուր՝
Բժշկական հոգեբանության ուսումնական ձեռնարկ
Խմբագիր՝ Խ.Վ. Գասպարյան
Երևակայությունը մարդու հոգեկանի յուրահատուկ կողմն է: Այն առանձնանում է հոգեկան այլ գործընթացներից, բայց միաժամանակ միջակա դիրք է գրավում ընկալման, մտածողության և հիշողության միջև: Երևակայությունը բնորոշ է միայն մարդուն: Դրա շնորհիվ է մարդը ստեղծագործում, պլանավորում և վարում իր գործունեությունը: Թե՛ նյութական, թե՛ հոգևոր մշակույթը մարդու երևակայության և ստեղծագործության արդյունքն են: Այն մարդուն հիշեցնում է անցյալը և ուղիներ բացում ապագայի համար: Ունենալով հարուստ երևակայություն` մարդը կարող է ‹‹ապրել›› տարբեր ժամանակներում: Երևակայությունը իրականությունն արտացոլող պատկերների փոխակերպման գործընթաց է և այդ պատկերացումների հիման վրա նոր պատկերացումների ստեղծումն է:
Այսպիսով երևակայությունը հիշողության մեջ կուտակված մտապատկերների հետ կատարվող իմացական գործընթաց է, որի շնորհիվ ստացվում են որակապես նոր պատկերներ կամ հիշողության մտապատկերների նոր, ինքնատիպ զուգորդություններ:
Գործունեության սուբյեկտ լինելով` մարդը ոչ միայն ճանաչում և ուսումնասիրում է, այլև վերափոխում է աշխարհը, բնությունը, ստեղծում նորություններ, որոնք չկան բնության մեջ: Երևակայությունն ուղղված է գործնական գործունեությանը: Առօրյա կյանքը մարդու առջև մի շարք խնդիրներ է դնում: Որևէ գործ սկսելուց առաջ մարդը պատկերացնում է ինչ և ինչպես է պետք անել` դրանով իսկ տարբերվելով կենդանիներից: Այդ խնդիրները լուծելու համար երբեմն գիտելիքները բավարար չեն: Եվ հենց այստեղ օգնության է հասնում երևակայությունը: Այն լրացնում է այդ բացթողումը` ստեղծելով ունեցած տվյալների նոր համակցություններ: Որևէ բան վերափոխելու համար գործնականում մարդը դա անում է մտովի:
Երևակայությունը սերտորեն պայմանավորված է կենսագործունեության բոլոր կողմերով՝ թե՛ արհեստներում, թե՛ արվեստում, թե՛ գիտական և կենցաղային ոլորտներում: Կյանքն ավելի բովանդակալից և հուզական է, երբ առկա է երևակայությունը: Երևակայության գործընթացը միշտ ընթանում է մյուս հոգեկան գործընթացների՝ ընկալման, հիշողության և մտածողության հետ սերտորեն կապված: Երբ մարդու առաջ խնդիր է դրված վերարտադրել իր նախկին փորձում եղած առարկաների և իրադարձությունների պատկերացումները, ապա գործ ունենք հիշողության գործընթացների հետ: Սակայն երբ այդ նույն պատկերացումները վերարտադրվում են, որպեսզի ստեղծվեն այդ պատկերացումների նոր համադրություններ (կամ դրանցից ստեղծվեն նոր պատկերացումներ), ապա գործ ունենք երևակայության գործընթացի հետ: Մտածողության և երևակայության կապը վառ կերպով դրսևորվում է խնդրահարույց իրավիճակներում: Հանդիպելով անհայտին` մարդը սկսում է վերլուծել, սինթեզել (համադրել), համեմատել նախկին տեսածի հետ` փորձելով թափանցել համապատասխան փաստերի և երևույթների էության մեջ: Այստեղ նրան օգնում են ոչ միայն մտածողությունն ու հիշողությունը, այլև երևակայությունը, որը վերստեղծում է ամբողջական պատկերը:
Երևակայության տեսակները տարբերվում են ըստ մարդու կողմից նոր կերպարներ ստեղծելու ակտիվության մակարդակի: Ըստ այդմ` տարբերում են երևակայության ակտիվ և պասիվ տեսակներ: Ակտիվ երևակայության դեպքում ստեղծվում են պատկերներ, որոնք հետագայում իրականանում են գործնական գործունեության մեջ: Հակառակ դեպքում ընդունված է համարել, որ երևակայությունը պասիվ է: Երբեմն մարդուց շատ մեծ ջանքեր և ժամանակ են պահանջվում դրանք իրականացնելու համար: Ակտիվ երևակայությունը բարձրացնում է ստեղծագործական բովանդակությունը, աշխատանքային արդյունավետությունը:
Երևակայությունը կապված է մարդու կամքի հետ: Այս առումով, ըստ կամային ճիգերի մակարդակի, տարբերակվում են կամածին և ոչ կամածին երևակայության տեսակները: Եթե պատկերները ստեղծվում են երևակայության թույլ գործունեության դեպքում, ապա երևակայությունը կոչվում է ոչ կամածին:
- Ոչ կամածին պասիվ երևակայության դեպքում նոր պատկերներն առաջանում են չգիտակցվող պահանջմունքների, դիրքորոշումների ազդեցությամբ: Երևակայության այս տեսակը սկսում է ակտիվանալ, երբ մարդը քնած է կամ կիսաքուն վիճակում է, ինչպես նաև գիտակցության որոշ խանգարումների դեպքում: Նման երևակայության օրինակ է երազը, որը հատուկ հետաքրքրություն է առաջացրել և շարունակում է առաջացնել: Ներկայումս ընդունված է այն համոզմունքը, որ երազներում կարող են արտացոլվել ինֆորմացիայի վերամշակման գործընթացները, ընդ որում, երազների բովանդակությունը ոչ միայն ֆունկցիոնալ կապվածություն ունի այդ գործընթացների հետ, այլև կարող է ներառել արժեքավոր նոր գաղափարներ և նույնիսկ բացահայտումներ: Ոչ կամածին պասիվ երևակայության տեսակ է նաև ցնորքը՝ երևակայության այն արդյունքը, որն առաջանում է անձի գիտակցության փոփոխված կամ ոչ նորմալ վիճակում: Այդ վիճակների մեջ մարդը կարող է հայտնվել հիվանդության, հիպնոսի, խմիչքի, թմրադեղերի և այլ հանգամանքներից դրդված:
Կամածին երևակայությունը գործում է, երբ կա նպատակ` պայմանավորված այս կամ այն գործունեությամբ: Այն մարդու համար շատ ավելի մեծ նշանակություն ունի: Երևակայության այս տեսակը առաջ է գալիս այն դեպքում, երբ մարդն ունի որոշակի կերպարներ ստեղծելու խնդիր: Այս դեպքում երևակայության գործընթացը կառավարվում և ուղղորդվում է հենց մարդու կողմից: Երևակայական նման աշխատանքի հիմքում անհրաժեշտ պատկերացումները կամային ջանքերով ստեղծելու և փոփոխելու կարողությունն է: Երևակայության ակտիվությունն ու կամային լինելը կարող են համադրվել տարբեր միջոցներով:
- Կամածին պասիվ երևակայության օրինակ են անուրջները, երբ մարդ հատուկ այնպիսի բաներ է երևակայում, որոնք հազիվ թե իրականանան: Անուրջները յուրօրինակ երազանքներ են, որոնք սովորաբար կտրված են իրականությունից և անիրականանալի են: Անուրջները միջակա դիրք են գրավում երազանքների և ցնորքների միջև, սակայն ցնորքներից տարբերվում են նրանով, որ անուրջները մարդու առողջ գիտակցության ակտիվության արդյունք են: Անուրջներում առավել պայծառ դուրս է բերվում երևակայության կապը անձի պահանջմունքների հետ: Մարդու կյանքում անուրջների գերակշռությունը կարող է նրան կտրել իրական աշխարհից, տեղափոխել հորինված աշխարհ, որն իր հերթին արգելափակում է այդ մարդու սոցիալական և հոգեկան զարգացումը:
- Կամածին ակտիվ երևակայությունն արտահայտվում է անհրաժեշտ պատկերի երկարատև, նպատակաուղղված որոնումներում, որը մասնավորապես բնորոշ է գրողներին, նորարարներին, նկարիչներին: Կամածին ակտիվ երևակայությունն ի հայտ է գալիս վաղ հասակում և զարգանում մանկական խաղերում: Երևակայության այս տեսակի մեջ կարելի է առանձնացնել վերարտադրող երևակայությունը, ստեղծագործական երևակայությունը և երազանքը:
Վերարտադրող (ռեպրոդուկտիվ) երևակայությունը դրսևորվում է այն դեպքում, երբ մարդուն անհրաժեշտ է վերականգնել օբյեկտի պատկերը, որը գրեթե ամբողջովին համապատասխանում է դրա նկարագրությանը: Առավել հաճախ այս տեսակին առնչվում ենք, երբ կարիք կա բառացի նկարագրությամբ վերարտադրելու ինչ-որ պատկեր: Սակայն լինում են դեպքեր, երբ մենք վերարտադրում ենք պատկերներ առանց բառերի՝ սխեմաների և գծագրերի հիման վրա: Այս դեպքում պատկերի վերարտադրման հաջողությունը մեծ մասամբ որոշվում է տարածական երևակայության նկատմամբ մարդու ունակությամբ, այսինքն՝ պատկերը եռաչափ տարածության մեջ վերարտադրելու կարողությամբ: Հետևաբար վերարտադրող երևակայության գործընթացը սերտորեն պայմանավորված է մարդու մտածողությամբ և նրա հիշողությամբ: Այսպիսով, ռեպրոդուկտիվ է այն երևակայությունը, որի արդյունքում գերակշռում է արդեն հայտնին, չնայած կան նաև նորի տարրեր: Երևակայության այս տեսակը հանդիպում է սկսնակ բանաստեղծների, գրողների, նկարիչների, ինժեներների շրջանում, որոնք սկզբում իրենց աշխատանքները ստեղծում են ընդունված նմուշներին համապատասխան, որոնցով ձեռք են բերում մասնագիտական հմտություններ:
Կամածին ակտիվ երևակայության մյուս տեսակը ստեղծագործական (պրոդուկտիվ, արդյունավետ) երևակայությունն է: Այն բնութագրվում է նրանով, որ մարդ փոխակերպում է հին պատկերացումները նորերով, որոնց նախատիպ օրինակներ գոյություն չունեն՝ ինքնուրույն այն ուրվագծելով և ընտրելով դրանց համար ցանկացած նյութեր: Այս տեսակի արդյունքները ոչնչի նման չեն կամ էլ շատ քիչ են նման արդեն հայտնի երևույթներին, առարկաներին և այլն: Ստեղծագործական երևակայությունը, ինչպես
վերարտադրողը, սերտորեն պայմանավորված է հիշողությամբ, քանի որ դրա դրսևորման համար մարդ կիրառում է իր նախկին փորձը:
Երազանքները երևակայության այն արդյունքներն են, որոնք ուղղված են դեպի ցանկալի ապագա: Դրանք քիչ թե շատ իրական և իրականանալի պլաններ են: Երազանքները բնորոշ են հատկապես երիտասարդներին, որոնց կյանքի մեծ մասը դեռևս առջևում է: Այս տեսակի էությունը նոր կերպարների ինքնուրույն արարումն է, երբ մարդ միշտ ստեղծում է ցանկալի պատկեր, այն ինչին նա ձգտում է: Այն կերպարները, որոնք մարդ ստեղծում է իր երազանքներում, տարբերվում են վառ և կենդանի բովանդակությամբ, հուզական հագեցվածությամբ: Սակայն երազանքն օգտակար է միայն այն դեպքում, երբ ցանկալի ապագան կապվում է ներկայի հետ: Եթե այդ կապը բացակայում է, ապա երազանքը կարող է վերածվել ֆանտազիայի:
Այսպիսով, երևակայության տեսակները դասակարգելիս ելնում ենք երկու հիմնական բնութագրերից՝ կամային ճիգերի դրսևորման մակարդակից և գիտակցվածության կամ ակտիվության մակարդակից:
Երևակայության մեջ ստեղծելով տարբեր պատկերներ` մարդը միշտ գնահատում է դրանց իրականացման հնարավորությունը: Ռեալիստական երևակայությունը այն է, երբ մարդը հավատում է ստեղծվող պատկերների իրական և հնարավոր լինելուն: Եթե այդ հնարավորությունը մարդը չի տեսնում, ապա գործ ունենք ֆանտաստիկ երևակայության հետ: Այս երկու տեսակների միջև հստակ սահման չկա, քանի որ շատ են այն դեպքերը, երբ ֆանտաստիկը դարձել է իրական: Ֆանտաստիկ երևակայությունը առկա է երեխաների դերային խաղերում: Այն հիմք է ծառայում որոշակի ժանրի գրական ստեղծագործությունների համար: Դրանցից են հեքիաթները, գիտական ֆանտաստիկ ստեղծագործությունները:
Երևակայության տեսակների բազմազանությանն առընթեր` դրանց բնորոշ է մեկ ընդհանուր ֆունկցիա (գործառույթ), որն էլ որոշում է մարդու գործունեության մեջ դրանց հիմնական նշանակությունը: Խոսքը ապագան կանխորոշելու մասին է, այսինքն` գործունեության արդյունքի հստակ պատկերացումը մինչև դրա իրականացումը: Սրա հետ կապված են նաև երևակայության այլ ֆունկցիաներ` խթանող և պլանավորող: Երևակայության մեջ ստեղծված պատկերները կոնկրետ գործողությունների միջոցով խթանում են մարդուն դեպի դրանց իրականացում:
Երևակայության նեյրոֆիզիոլոգիական հիմքն են ժամանակավոր նյարդային կապերի գոյացումներն առաջին և երկրորդ ազդանշանային համակարգերի ոլորտում, դրանց դիսոցիացիան (առանձին տարրերի բաժանվելը)` կազմելով նոր համակարգեր տարբեր մոտիվացիաների ազդեցությամբ: Երևակայությունը կապված է հույզերի, գլխուղեղի ենթակեղևային գոյացումների գործունեության հետ: Սակայն վերջին տարիների ուսումնասիրություններն ապացուցում են, որ երևակայության ֆիզիոլոգիական մեխանիզմները տեղակայված են ոչ միայն ենթակեղևում, այլև ավելի խորքում` հիպոթալամոլիմբիկ համակարգում:
Ինչպես արդեն նշեցինք, երևակայության հիմնական գործընթացներն են վերլուծությունը և համադրությունը: Առարկաների կամ երևույթների մասին պատկերացումները վերլուծության միջոցով բաժանվում են մասերի, իսկ սինթեզի միջոցով դրանք կրկին ձեռք են բերում ամբողջականություն: Սակայն, ի տարբերություն մտածողության, երևակայության մեջ մարդն ավելի ազատ է իր գործողություններում` վերստեղծելով նոր ամբողջական պատկերներ: Դրանք իրականանում են այն գործընթացների միջոցով, որոնցից են չափազանցումը կամ հիպերբոլիզացիան: Երևակայական գործընթացի յուրահատկությունն այն է, որ այդ պատկերները չեն վերարտադրվում այն ձևերով, որոնցով ընկալվել ու պահպանվել են, այլ դրանցից կառուցվում են նոր համադրություններ: Սա վկայում է երևակայության և ստեղծագործության ներքին խոր կապի մասին, որն ուղղված է դեպի նորի` նյութական արժեքների, գիտական գաղափարների կամ էլ գեղարվեստական կերպարների ստեղծում: