Աղբյուր՝
Բժշկական հոգեբանության ուսումնական ձեռնարկ
Խմբագիր՝ Խ.Վ. Գասպարյան
Ինտելեկտը վերացական մտածողության ընդունակությունն է, ինչպես նաև նպատակասլաց գործելու և շրջապատող աշխարհի հետ նպաստավոր կապեր ստեղծելու ունակության ամբողջությունը:
Ինտելեկտուալ գործունեության միջուկը (կորիզը) մտածողությունն է, այսինքն՝ իրադրության մեջ էականը առանձնացնելու և դրան համապատասխան վարք ցուցաբերելու ունակությունը: Բազմակողմանի գիտելիքները վկայում են ինտելեկտի բազմակողմանիության մասին (էրուդիցիա):
Մարդու ինտելեկտն անհատական է, այն բնութագրվում է ընդարձակությամբ, խորությամբ և ինքնուրույնությամբ:
Ինտելեկտի ընդարձակությունն արտահայտվում է լայն շրջանակի հարցեր ընդգրկելու ունակությամբ: Խորությունը բնութագրվում է երևույթների ներքին պատճառները բացահայտելու, փաստերի հիմքերը տեսնելու, իրադարձությունների իմաստը հասկանալու, երևույթների և դեպքերի հեռու գնացող հետևանքները կանխատեսելու ընդունակությամբ: Ինքնուրույնությունն արտահայտվում է ինքնուրույն հարցեր բարձրացնելու և դրանք լուծելու կարողությամբ: Ինքնուրույն միտքը պատրաստի որոշումներ չի փնտրում, չի խարսխվում ուրիշի դատողությունների վրա, այլ իրականությանը վերաբերում է ստեղծագործաբար, որոնում դրա ուսումնասիրման նոր ուղիներ, նոր փաստեր և օրինաչափություններ:
Քննելով անձի ինտելեկտուալ առանձնահատկությունները՝ հարկ է նշել մի երևույթի մասին, որը կոչվում է ինտուիցիա: Փիլիսոփայության տեսանակյունից՝ ինտուիցիան առանց փաստարկների, անմիջականորեն ճշմարտությանը հասնելու ունակությունն է: Այլ կերպ ասած՝ ինտուիցիան գիտելիք է, երբ մարդը չի գիտակցում դրա ծագման և ստացման ուղիներն ու պայմանները: Ըստ հոգեբանական մոտեցման՝ ինտուիցիան իրական աշխարհի, իրերի և երևույթների միջև առկա կապերի անմիջական արտացոլումն է:
Ինտուիցիան մեկնաբանվում է թե՛ որպես հատուկ ընդունակություն (գիտական և գեղարվեստական ինտուիցիա), թե՛ որպես ստեղծագործական գործունեության մեխանիզմ և թե՛ պրոբլեմային իրադրության պայմանների ամբողջական ընդգրկում:
Ըստ ինտուիտիվիզմի կոնցեպցիայի՝ ինտուիցիան անգիտակցականի խորքում թաքնված ստեղծագործական ակտի սկզբնապատճառն է: Գիտական հոգեբանությունը ինտուիցիան դիտում է որպես ստեղծագործական գործընթացի էությանը հատուկ երևույթ՝ հաղթահարելով վարքի ընդունված ստերեոտիպերը, մասնավորապես խնդիրներ լուծելու ժամանակ ընդունված տրամաբանության սխեմայի սահմաններից դուրս գալու հնարավորությունը: