Նոյեմբերի 5-ին Հայելի ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի հյուրերն էին ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի պետ Սուրեն Նազինյանը և Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ. Լիլիթ Բաղդասարյանը: Քննարկվեցին Հայաստանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված հմնահարցերը՝ վիճակագրական, ինչպես նաև խնդրի առաջացման հոգեբանական պատճառա-հետևանքային կապերը, կանխարգելման և բուժման միջոցները:
Հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը թմրամիջոցներից, ինչպես նաև այլ կախվածությունների առաջացման հարցում կարևորեց ներընտանեկան աններդաշնակ հարաբերությունները, դեռահասության շրջանում ձգտումը պատկանել որևէ սոցիալական խմբի, որը չգտնելով մշակութային ոլորտում երեխան կարող է փնտրել նաև սոցալապես վտանգավոր խմբերում: Թմրամոլության հոգեբանական պատճառներից է նաև կյանքի հանդեպ գեդոնիստական վերաբերմունքը, սուր զգացողություններ ունենալու ցանկությունը, առկա բարդ, անլուծելի կամ «ցավ» պատճառող խնդիրների լուծումից խուսափելու ցանկությունը: Թմրամիջոցներից կախվածության հաղթահարման հարցում Լ.Բաղդասարյանը կարևորեց համալիր փուլային մոտեցումը՝ բուժում/դետոքսիկացիա/, հոգեբանական խորհրդատվություն բուժվելու մոտիվացիայի բարձրացման նպատակով, հոգեսոցիալական ռեաբիլիտացիա և սոցիալական ռեինտեգրացիա: Օգնելու համար թմրամիջոցներից կախվածության մեջ գտնվող մարդուն կարևոր է օգնել իրեն փոխել կենսակերպը, ներգրավվել աշխատանքային գործունեույթան և հասարակության մշակութային կյանքի մեջ: