Հետաքրքիր փաստ կամքի մասին

 

 

Աղբյուր՝

Բժշկական հոգեբանության ուսումնական ձեռնարկ

Խմբագիր՝ Խ.Վ. Գասպարյան

 

 

 

Սեփական գործողությունները գիտակցորեն կազմակերպելու ու կարգավորելու և այդ ճանապարհով դրված նպատակին հասնելու ընդունակությունն անվանում են կամք: Այն կարելի է սահմանել որպես մարդու գիտակցված, նպատակասլաց, պատճառաբանված (մատիվացված) և ակտիվ հոգեկան գործունեություն, որն ուղղված է արտաքին և ներքին խոչընդոտների հաղթահարմանն ու մարդու պահանջների բավարարմանը:

Մարդու գործողությունները բխում են որոշակի դրդապատճառներից և ուղղված են որոշակի նպատակի: Դրդապատճառն այն է, ինչը մարդուն մղում է գործունեության, իսկ նպատակը՝ ինչին մարդը ձգտում է այդ գործունեության ընթացքում: Մարդուն գործունեության մղող ելքային ուժը պահանջմունքն է, այսինքն՝ ինչ-որ բանի հանդեպ կարիքը: Պահանջմունքները այն նախադրյալներն են, որոնց հիման վրա ձևավորվում են մարդկու գործունեության դրդապատճառները:

Պահանջմունքներն առաջ են բերում դրանք բավարարելու ձգտում, որն էլ արտահայտվում է հակումներով կամ ցանկություններով: Հակումը չգիտակցված, մշուշոտ ձգտում է, որն ուղղված չէ դեպի որոշակի օբյեկտ և չի ուղեկցվում նպատակի պարզորոշ պատկերացմամբ: Հակումները ծագում են բնազդների ոլորտից (սնվելու, պաշտպանական և այլն):

Բնազդները բնածին բարդ գործողություններ են, որոնց շնորհիվ բավարարվում են պահանջմունքները:

Երբ հակումները թափանցում են գիտակցության մեջ և պարզ են դառնում դրանց բավարարման ուղիները, կոչվում են ցանկություններ: Անորոշ հակումների վերածվելը գիտակցված ցանկությունների, անհրաժեշտ պայման է գիտակցական և նպատակասլաց գործունեության համար, որում էլ դրսևորվում է մարդու կամքը:

Այսպիսով, կամքը մարդու կողմից իր վարքի և գործունեության գիտակցական կարգավորումն է, որն արտահայտվում է նպատակասլաց գործողությունների կատարման ժամանակ, ներքին և արտաքին դժվարությունները հաղթահարելու կարողության միջոցով:

Կամքի ձևավորումը երկարատև գործընթաց է: Դեռ վաղ մանկությունից մարդու մեջ ամենից առաջ ձևավորվում են ամենապարզ ընդունակությունները, որոնք, անհատի զարգացմանը զուգընթաց, բարդանում են: Արդեն ձեռք բերված ընդունակությունները մարդու գործողությունները դարձնում են ավելի գիտակցված: Դրանք արդեն կամային գործողություններ են: Մարդու անհատական զարգացման գործընթացում (օնտոգենեզ) կամային գործողությունները բարդանում և կատարելագործվում են: Բոլոր բարդ կամային գործողություններն անցնում են սկզբնական, պարզագույն գործողությունների փուլով: Ամեն մի գործունեության և առավել ևս կամային գործունեության համար անհրաժեշտ պայման է ուշադրության առկայությունն ու մասնակցությունը: Շրջապատում մարդն առանձնացնում է իր համար հետաքրքրություն ներկայացնող, իր պահանջմունքներին և ծրագրերին համապատասխանող օբյեկտները:

Կամային գործողությունները բնութագրվում են նրանով, որ նախապես գիտակցվում են նպատակը և դրան հասնելու միջոցները, այսինքն՝ ունեն գիտակցական նպատակասլացություն: Սա վերաբերում է այն բոլոր դեպքերին, երբ մենք խոսում ենք կամային գործընթացների մասին (կամային ուշադրություն, մտապահում և այլն): Կամային գործողություններ կատարելը կամքի պարզագույն դրսևորումն է:

Կամքը կապված է մտածողության և զգացմունքների հետ: Կան դեպքեր, երբ մարդը գիտակցում է, թե ինչ է անում, սակայն չի կարող բացատրել, թե ինչի համար է անում: Առավել հաճախ սա լինում է այն դեպքերում, երբ մարդ ամբողջովին տարված է ինչ-որ ուժեղ զգացմունքով: Նման գործողություններն ընդունված է անվանել իմպուլսիվ: Դրանց գիտակցման մակարդակը ցածր է: Իմպուլսիվ արարքներից հետո մարդ հակված է զղջալու իր արարքների համար, իսկ կամքը զերծ է պահում չմտածված գործողություններ կատարելուց:

Մարդու կամքն արտահայտվում է նրանով, թե նա որքանով է ունակ հաղթահարելու նպատակի ճանապարհին ընկած արգելքներն ու դժվարությունները:

 

Leave a Comment

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Яндекс.Метрика