Հետաքրքիր փաստ հիշողության մասին

Հիշողությունը, մյուս բոլոր հոգեկան ճանաչողական գործընթացների նման, ունի որոշակի բնութագրեր: Հիշողության հիմնական բնութագրերն են՝ ծավալը, տպավորվելու արագությունը, վերարտադրման հստակությունը, պահպանման տևականությունը, պահպանված ինֆորմացիայի օգտագործման պատրաստակամությունը:

Հիշողության ծավալը նկարագրում է ինֆորմացիան մտապահելու և պահպանելու հնարավորությունները: Ծավալի` որպես ցուցանիշի մասին խոսելիս, օգտագործում են հիշվող ինֆորմացիայի միավորների քանակը:

Վերարտադրման արագության ցուցանիշը բնութագրվում է մարդու գործնական գործունեության մեջ ինֆորմացիան կիրառելու կարողությամբ:

Վերարտադրման հստակությունն արտացոլում է հիշողության մեջ պահպանված ինֆորմացիան հստակ պահպանելու, և ամենակարևորը, հստակ վերարտադրելու կարողությունը:

Հիշողության կարևորագույն նկարագրերից մեկը երկարատևությունն է. այն արտացոլում է անհրաժեշտ ինֆորմացիան որոշակի ժամանակ պահպանելու մարդու կարողությունը: Հաճախ մարդ կարողանում է հիշել անհրաժեշտ ինֆորմացիան, սակայն չի կարողանում այն պահպանել երկար ժամանակ: Օրինակ` քննությանը պատրաստվելու ժամանակ ուսանողը նյութը կարծես հիշում է, սակայն անհրաժեշտ պահին չի կարողանում վերարտադրել:

Հիշողությունը միավորում է նաև մի շարք հոգեկան պրոցեսներ, դրանք են

  • մտապահումը
  • պահպանումը
  • վերարտադրումը
  • ճանաչումը
  • մոռացումը

Զեյգարնիկի էֆեկտ

Խորհրդային հոգեբան Բ. Վ. Զեյգարնիկը պարզեց, որ երբ մարդը որոշում է որևէ գործողություն կատարել, ապա նրանում առաջ է գալիս այդ գործողությունն ավարտին հասցնելու միտում: Եթե գործողությունը կիսատ է մնում, ապա առաջանում է ներքին լարվածություն, այն ավարտելու պահանջ, որի ազդեցությամբ էլ կիսատ թողած գործն ավելի լավ է հիշվում, քան ավարտվածը: Վերջինս արդեն հոգեկան լարվածություն չի ստեղծում: Այս ամենը վերաբերում է նաև հիշողության գործընթացներին:

Զեյգարնիկը այս եզրակացությանն է եկել մի շարք հետազոտությունների արդյունքում: Փորձերը կատարվում էին հետևյալ կերպ՝ փորձարկվողներին տրվում էին մի շարք խնդիրներ և հանձնարարություններ, որոնք պետք է կատարվեին հնարավորինս ճիշտ և արագ: Սակայն փորձարկվողին թույլ չէին տալիս բոլոր խնդիրները մինչև վերջ լուծել, ուստի դրանց կեսը թերի, կիսատ էր մնում: Ավարտված և կիսատ մնացած խնդիրներն իրար հաջորդում էին պատահական կարգով: Պարզվեց, որ չավարտված խնդիրները 90%-ով ավելի լավ են վերարտադրվում, քան ավարտվածները: Օրինակ` 32 փորձարկվողներից 26-ի դեպքում չավարտված խնդիրների վերարտադրության առավելությունը միանգամայն ակնհայտ էր. 2 հոգի նույն հաջողությամբ վերհիշեցին և՛ լուծված, և՛ չլուծված խնդիրները, և միայն 3 այլ փորձարկվողներ ավելի լավ վերհիշեցին ավարտին հասցրած հանձնարարությունները: Հետազոտություններն ապացուցեցին, որ վերարտադրությունը բարելավող գործոնը հենց խնդրի անավարտվածությունն է, որը թույլ չի տալիս բավարարել անձի իմացական պահանջմունքը:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика