Հետաքրքիր փաստ ուշադրության մասին

Աղբյուր՝

Բժշկական հոգեբանության ուսումնական ձեռնարկ

Խմբագիր՝ Խ.Վ. Գասպարյան

 

Ուշադրությունը բնութագրում է հոգեկան գործընթացների դինամիկան: Ուշադրությունը գիտակցության կենտրոնացումն ու ուղղվածությունն է դեպի որևէ առարկա կամ երևույթ, որն այս կամ այն նշանակությունն ունի մարդու համար:

Իսկ ինչո՞ւ է մարդն իր հոգեկան գործունեությունը կենտրոնացնում և ուղղորդում կոնկրետ այդ օբյեկտի կամ երևույթի վրա: Ինչո՞ւ է մարդն ուշադիր մի հարցում, իսկ մյուսում` ոչ:

Այն՝

  • ինչը որևէ նշանակություն ունի
  • ինչը բավարարում է պահանջմունքները կամ խոչընդոտում է դրանց բավարարմանը
  • ինչը պատասխանում է հետաքրքրություններին և հակումներին
  • ինչը ազդակ  է  հանդիսանում մարդու համար առավել կամ պակաս կարևոր
  • ինչը ստիպում է նրան անհրաժեշտ կերպով կողմնորոշվելու շրջապատում

առաջացնում է գիտակցության կենտրոնացում և ուղղվածություն դեպի համապատասխան օբյեկտը: Այսպիսով, գիտակցության ուղղվածությունն ու կենտրոնացումը որոշվում է մարդու համար որևէ օբյեկտի նշանակությամբ:

Ուշադրության տեսակները

Լինելով գիտակցության անհրաժեշտ կողմ` ուշադրությունը սերտորեն պայմանավորված է մարդու կամային ակտիվությամբ: Կենտրոնանալիս, ըստ կամքի մասնակցության աստիճանի, ընդունված է տարբերակել ուշադրության հետևյալ տեսակները`

  • ներքին
  • արտաքին
  • ոչ կամածին
  • կամածին
  • հետկամածին

Ներքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի սեփական ներաշխարհի բովանդակությունը, սեփական ապրումներն ու մտքերը:

 Արտաքին ուշադրությունը մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Այն իրագործվում է զգայարանների օգնությամբ:

Օբյեկտները, որոնք կապված են տվյալ պահին մարդու ունեցած պահանջմունքների, զգացմունքների և ցանկությունների հետ, առաջացնում են ոչ կամածին ուշադրություն: Ոչ կամածին ուշադրություն է, երբ` հանկարծ վրա հասնող լռությունը լարում է ուշադրությունը, իսկ քար լռության դեպքում անգամ ամենաթույլ շշուկն անմիջապես ուշադրություն է գրավում: Օրինակ` երբ վիրահատվող հիվանդի հարազատները սպասում են վիրահատության ավարտին, կարող են ցանկացած շարժում կամ անցուդարձ բուժանձնակազմի կողմից մեկնաբանել որպես վիրահատվող հիվանդին առնչվող լուր: Ոչ կամածին ուշադրությունը պայմանավորված է մարդու գիտելիքներով, աշխարհայացքով, կայուն հետաքրքրություններով, տրամադրությամբ և անցած փորձի ողջ հարստությամբ: Բժիշկը նույնիսկ հիվանդի հետ պատահական հանդիպման ժամանակ էլ ակամայից սկսում է առանձնացնել նշանները, որոնք վկայում են հիվանդության բնույթի մասին: Մինչդեռ այն մարդու համար, ով հեռու է բժշկությունից, այդ նշաններն ակնառու չեն:

Կամածին ուշադրությունն ունի հստակ արտահայտված, գիտակցական, կամային բնույթ և ի հայտ է գալիս որևէ գործունեություն կանխամտածված կատարելու դեպքում: Կամածին ուշադրության շնորհիվ մարդիկ կարող են զբաղվել ոչ միայն նրանով, ինչն անմիջապես հուզում, հետաքրքրում, գրավում է նրանց, այլև անմիջական գրավչություն չունեցող ինչ-որ գործով. զբաղվել ոչ այն պատճառով, որ «ցանկալի է», այլ այն պատճառով, որ «պետք» է: Եվ մարդուն որքան քիչ է գրավում աշխատանքը, այնքան ավելի մեծ կամային ջանքեր են պահանջվում ուշադրությունը պահելու համար: Կամածին ուշադրությունն առաջացնող և պահպանող պատճառներից է ուշադրության օբյեկտի նշանակալիության գիտակցումը տվյալ գործունեությունը կատարելու, պահանջմունքները բավարարելու համար, մինչդեռ ոչ կամածին ուշադրության դեպքում օբյեկտի նշանակալիությունը կարող է չգիտակցվել: Ստեղծագործական աշխատանք կատարող մարդուն բնորոշ է ուշադրության կամածին ձևը, որի դեպքում կամային լարման նվազումը կարող է աշխատանքային հմտությունների ձեռքբերման և մշակման արդյունք լինել:

Հետկամածին ուշադրությունը գիտակցության ակտիվ, նպատակաուղղված կենտրոնացումն է, որի դեպքում անհրաժեշտ չեն կամային ջանքեր, քանի որ գործունեության հանդեպ մեծ ոգևորություն կա: Հետկամածին ուշադրությունն առաջանում է գործում ներգրավվելու միջոցով և դրա հետևանքով հետաքրքրության առաջացմամբ, և արդյունքում երկար ժամանակ պահպանվում է նպատակաուղղվածությունը, վերանում է լարվածությունը, և մարդը չի հոգնում: Աշխատանքն այնքան է կլանում մարդուն, որ ընդմիջումները սկսում են նյարդայնացնել նրան: Հետկամածին ուշադրությունն առաջանում է այն իրավիճակներում, երբ գործունեության թիրախը պահպանվում է, սակայն ետ է մղվում կամային ջանքերի անհրաժեշտությունը: Օրինակ` կլինիկական նոր առարկայի դասընթացի յուրացումը սկզբնական շրջանում ուսանողից պահանջում է կամային մեծ ջանքեր, սակայն աստիճանաբար ծանոթանալով տեսությանը և իմացությունն ամրապնդելով գործնական դասընթացի ժամանակ՝ նա կարող է այնպես տարվել աշխատանքով, որ այլևս հարկավոր չլինեն կամային ջանքեր:

Յուրաքանչյուր անհատ առանձնանում է որոշակի հատկության հստակությամբ և վառ արտահայտչականությամբ: Սրա հիման վրա էլ մենք կարող ենք խոսել ուշադրության անհատական առանձնահատկությունների մասին:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика