Սեռական առողջության համաշխարհային օր

Սեպտեմբերի 4-ը Սեռական առողջության համաշխարհային օրն է: «Ազդակ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի հյուրերն էին ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Վրեժ Շահրամանյանը ու ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը:
Հոգեբան Ս.Հարությունյանը նշեց. «Եթե տարիներ առաջ հոգեբանին դիմելը Հայաստանում համարվում էր ամոթալի, ապա այսօր ՝ ոչ: Դիմելիությունը զգալիորեն շատացել է, անշուշտ, կարող եմ դա փաստել մեր կենտրոնի վիճակագրությամբ: Մեզ հաճախ դիմում են նաև ամուսնական զույգեր. նրանք փորձում են միասին կարգավորել ծառացած խնդիրը, ինչը շատ ողջունելի է»: Նա իր խոսքում ընդգծեց, որ հոգեսեռական զարգացման մասին տեսություն գոյություն ունի, որտեղ սեռական զարգացման ընթացքում կարևորություն է տրվում հոգեբանական գործոնների նշանակությանը: Նաև հավելեց, որ «Հոգեբանական տեսանկյունից առաջին օղակ համարվում է ընտանիքը: Ընտանիքում առկա հոգեբանական մթնոլորտը, ծնողների վերաբերմունքը, զրույցները նրանց հետ շատ օգտակար են: Կարևոր է շատ, որ դեռահասը հստակ ինֆորմացիա ստանա և չփնտրի այն այլ, այսպես ասաց, ոչ հավաստի աղբյուրներից, ինչը նրան կարող է մի շարք հոգեբանական դժվարությունների առջև կանգնեցնել»:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика