Հանդիպում Հայացք մամուլի ակումբում

Նոյեմբերի 10, 2014թ. Հայացք մամուլի ակումբի հյուրերն էին Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., կլինիկական հոգեբան Սոնա Հարությունյանը և Շենգավիթ բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը: Թեման’ հղիների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության արդիական հարցեր, անպաշտպան սեռական հարաբերության հետևանքներ, հղիության ընդհատման հոգեբանական և ֆիզիոլոգիական ասպեկտներ:
Հոգեբան Ս.Հարությունյանը նշեց, որ հղիությունը յուրահատուկ կարգավիճակ է յուրաքանչյուր կնոջ կյանքում, որն ունի իրեն բնորոշ ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ հոգեբանական առանձնահատկություններ: Ներկայացրեց հղիների հոգեբանական պատրաստվածության հիմնական գործոնները: Հոգեբանը անդրադարձավ նաև հղիների հուզական ոլորտի հետ կապված փոփոխություններին, նշելով, որ հղիությունը սթրեսային փուլ է կնոջ կյանքում, որն արտահայտված է դարձնում նրա հուզական աշխարհընկալումը: Սովորաբար հղիության ընթացքում և մասնավորապես հղիության առաջին եռամսյակում կինը դառնում է գերզգայուն, նյարդային, լարված, տպավորվող, նկատվում է տագնապ, տարբեր տեսակի վախեր (վախ սեփական առողջության համար, երեխայի առողջության համար, նաև հղիության ընթացքի, ծննդաբերության, ծննդաբերական ցավերի հետ կապված վախեր): Ըստ հոգեբանի, տևական սթրեսը կարող է հոգեբանական անպտղության պատճառ լինել: Բժշկության մեջ այն հայտնի է որպես “ձվարանների սթրեսային դիսֆունկցիա”: Վերիջինիս պարագայում, վերարտադրողական համակարգի կողմից խանգարումները բացակայում են, սակայն կինը չի կարողանում հղիանալ:
Հոգեբան Ս.Հարությունյանն իր խոսքն ավարտեց հետևյալով, որ տղամարդը պետք է կնոջ հղիության առաջին իսկ օրվանից ինտեգրված լինի այն բոլոր հարցերի մեջ, որոնք կապված են երեխայի հետ, և հավելեց, որ լուսաբանենք նաև տղամարդու’ հայր դառնալու հոգեբանական պատրաստվածության հարցերը:

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика