Հետաքրքիր փաստ քնի մասին

Քունը պարբերաբար առաջացող վիճակ է, որի ընթացքում ստեղծվում են օրգանիզմի (հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները: Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ քունը ոչ միայն հանգիստ է, այլև օրվա ընթացքում ստացած տեղեկությունների վերամշակման յուրօրինակ աշխատանք:

Մարդու կյանքի 1/3-ն անցնում է քնած վիճակում: Քնի ժամանակ շնչառական շարժումները և սրտի կծկումները դանդաղում են, նկատվում է մկանային լարվածության, զգացողության բոլոր տեսակների (տեսողություն, լսողություն, հոտառություն, համ և շոշափում) խիստ թուլացում:

Օրինակ` կան մարդիկ,  ովքեր վայրկենապես արթնանում են, երբ նույնիսկ, միայն տալիս են նրանց անունը, թեև խորը քնած են մնում ցանկացած ուժեղ աղմուկի դեպքում:
Քնի ժամանակ գլխուղեղի աշխատանքը չի ընդհատվում, այդ է վկայում նրա կենսաէլեկտրական ակտիվության պահպանումը:

ԷՈՒԳ-ի օգնությամբ հայտնաբերվել է քնի 2 տեսակ`

  • հանգիստ, դանդաղ (օրթոդոքսային) քուն՝ առանց երազատեսության
  • ակտիվ, արագ (պարադոքսային) քուն՝ երազատեսությամբ: 

Դանդաղ քնին բնորոշ են շնչառության և սրտի աշխատանքի հաճախության նվազումը, աչքերի շարժումների դանդաղումը: Արագ քնի ժամանակ այդ ցուցանիշները սովորաբար հաճախանում են:

Դրա համար արագ քունն անվանում են պարադոքսային: Արագ քնի ընթացքում մարդը երազներ է տեսնում: Երազները   գիտակցության մեջ ստեղծված վառ պատկերներ են: Երազներում կարող են տեղի ունենալ տարօրինակ, վառ իրադարձություններ, որոնք մշտապես հիացրել կամ սարսափեցրել են մարդկանց: Գիտնականներն առաջարկել են երազատեսության մի քանի վարկածներ, սակայն առայժմ համընդհանուր տեսություն մշակված չէ: Երազատեսության տարատեսակներից է մղձավանջը: Այն հաճախ տեսնում են երեխաները՝ հասունացման որոշակի շրջանում, իսկ հասուն տարիքում լինում է ոչ հաճախ: 

Առանց քնի հնարավոր չէ ապրել, և մարդն իր կյանքի մոտ մեկ երրորդն անց է կացնում քնելով: Լիարժեք քունը հատկապես դպրոցականի և ուսանողի առողջության և աշխատունակության կարևոր նախապայմանն է: Այն օգնում է օրգանիզմի տարբեր հյուսվածքներին և բջիջներին վերականգնվել և հատկապես կարևոր է ուղեղի գործունեության համար: Ոչ բավարար քունը առաջացնում է հոգնածություն, վատ տրամադրություն, ուշադրությունը պահպանելու և կենտրոնանալու դժվարություններ, խանգարում է նորմալ շփումը, իսկ որոշ մարդկանց մոտ կապված է քաշի ավելացման հետ և նույնիսկ նպաստում է առողջական խնդիրների ի հայտ գալուն:

Ուրեմն, կարևորի՛ր քո քունը:

Իսկ եթե ունես քնելու հետ կապված դժվարություններ, հետևիր հետևյալ պարզ խորհուրդներին.

  • եղիր ակտիվ օրվա ընթացքում, կատարիր ֆիզիկական վարժություններ (իհարկե, ոչ` անմիջապես քնելուց առաջ)
  • զերծ մնա ալկոհոլային խմիչքներից
  • զերծ մնալ էլեկտրոնային միջոցներից և տարբեր գաջեթներից Ննջասենյակում ցանկալի չէ ունենալ հեռուսատացույց և համակարգիչ, հեռախոսը պետք է անջատել և ձայնամեկուսացնել սենյակը: Բոլոր էլեկտրոնային միջոցները օժտված են նյարդային համակարգն ակտիվացնելու հատկությամբ: Աշխատող համակարգչի կամ հեռախոսի արձակած լույսը խանգարում է օրգանիզմում հատուկ հորմոնի` մելատոնինի արտադրությունը, որը բացի քունը կարգավորելուց շատ կարևոր է նաև լավ առողջական վիճակի համար:

Մասնագետների կարծիքով մինչև կեսգիշեր քնելն ավելի օգտակար է լիարժեք հանգստանալու, առողջ և առույգ լինելու համար: Ի դեպ, ցանկալի է չխախտել քնելու ռեժիմը նաև  հանգստյան օրերին: Ժողովրդական իմաստությունն ասում է՝որպեսզի մարդը լավ աշխատի, պետք է լավ քնի:

 

Անքությունը շատ հաճախ կապված է լինում հոգեկան առողջության ոլորտների հետ, մասնավորապես` դեպրեսիվ վիճակների և տագնապային խանգարումների: Հոգեբանական աշխատանքը, որն ուղղված է անքնության բուժմանը, ինչպես նաև  դեղորայքային բուժումը, կամ էլ երկուսի համարդրությունը, կարող են կանխել խնդրի զարգացումը:

Հոգեբաններն առանձնացնում են  մի քանի կետ, որոնց հետևելու դեպքում հնարավոր կլինի խուսափել անքնությունից:Նախ պետք է հետևել քնի հիգիենային: Հարկավոր է հետևել որոշակի կանոնների, իսկ այդ կանոնները օգնում են քնելու համար  հնարավորինս մաքուր և ճիշտ պայմաններ ստեղծելուն: Առաջինը քնի ռեժիմի պահպանումն է: Անկախ նրանից աշխատանքնային, թե հանգստյան օր է, պետք է քնել և արթնանալ նույն ժամին: Այսինքն ֆիքսել քնելու և արթնանալու ռեժիմը : Շատ հաճախ մարդը, ով ունի անքնություն, տարբեր տեսակի գործունեություն է ծավալում իր սենյակում և անկողնում: Օրինակ` կարող է սնվել օրվա ցանկացած ժամին, հեռուստացույց դիտել, գիրք կարդալ, համակրգչով զբաղվել: Այս գործողությունները բացասական ձևով ամրապնդում են անքնության զարգացումը: Անկողինը մարդու գիտակցության մեջ պետք է ասոցացվի քնելու համար: Եվ, իհարկե, ուշադրություն պետք է դարձնել նաև միջավայրային պայմաններնին: Ճիշտ լուսավորությունը, մաքսիմալ հարմարավետությունը, ճիշտ ջերմաստիճանը  և անաղմուկ պայմանները նպաստում են քնելուն:

   

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика