News am.-ը լուսաբանեց Հոգեկան առողջության համաշխարհային օրվա կապակցությամբ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հոգեկան առողջության ոլորտի նորագույն մոտեցումները Հայաստանում» հանդիպումը

Սպիտակի խնամքի տուն ու «Ռեքավերի» քոլեջ՝ անցում հոգեբուժությունից հոգեկան առողջության

Սպիտակի խնամքի տան բնակիչները դրա բացումից հետո ընդամենը մի քանի ամսում կարողացել են սոցիալապես այնքան ադապտացվել, որ նույնիսկ Երեւան են եկել՝ հոգեկան առողջության մեկամսյակի շրջանակում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու ու կազմակերպել իրենց նկարների ու ձեռագործ աշխատանքների ցուցահանդես։ Հետագայում կարող է կազմակերպվել նաեւ Սպիտակի խնամքի տան բնակիչների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք։

Այդ մարդկանց, ովքեր թվով 11–ն են, հատուկ հանձնաժողովն է ընտրել ու Խնամքի տուն տեղափոխել փակ տեսակի հոգեբուժական հաստատություններից՝ մասնավորապես Վարդենիսի հոգենեվրոլոգիական տուն- ինտերնատից։ Հիմա նրանք ապրում են մեկ տանը՝ մեկ ընտանիքի նման, որտեղ դռներն ու պատուհանները ճաղերով փակված չեն, իսկ կարեւորը՝ նրանք հենց իրենք մարդկանց հետ շփումից չեն խուսափում։ Այստեղ նրանք անցնում են սոցիալական ու աշխատանքային ռեաբիլիտացիա, լուծվում է նրանց կենսաթոշակ ու նպաստ տրամադրելու հարցերը, որպեսզի այստեղից դուրս գալուց հետո նրանք կարողանան ինքնուրույն ապրել։

Սպիտակի խնամքի տունը, ինչպես պարզաբանեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ղեկավար Արմեն Սողոյանը, կայացել է առողջապահության ու աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների ջանքերի շնորհիվ՝ Լոռվա մարզի ու Սպիտակ քաղաքի իշխանությունների ակտիվ աջակցությամբ ու «Բաց հասարակության» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Հոգեբուժական հիվանդների համար նախատեսված նոր մոդելի տան հիմնադիրները հետագայում հույս ունեն եւս մի քանի նման տներ կառուցել երկրի մյուս մարզերում, սակայն հենց Սպիտակի խնամքի տունը հաջորդ տարվա կեսերին կարող է ֆինանսական խնդիրներ ունենալ։ Արմեն Սողոյանը պարզաբանել է, որ չնայած Սորոսի հիմնադրամը ամենահարուստ կազմակերպություններից մեկն է, հենց այս նախագծի վրա նրա գումարները սպառվել են, ու հիմա Խնամքի տունը լրացուցիչ դոնորների կարիք ունի մինչեւ պետական ֆինանսավորում ստանալը։

Առհասարակ Հայաստանում նման տան գաղափարը նորություն չէ։ Լրագրողների հետ զրույցում «Խնամք» ՀԿ-ի ու Սպիտակի Խնամքի տան նախագծի ղեկավար Վահագն Մաժինյանը պարզաբանել է, որ 10-15 տարվա ընթացքում իր կազմակերպությունը «Բաց հասարակություն» հիմնադրամի դրամաշնորհներով փորձել է ստեղծել կամերային՝ ընտանեկան տեսակի տներ, որտեղ առավելագույնը 4-5 մարդ կապրեր։ Սպիտակի խնամքի տունը, նրա խոսքով, ավելի շատ հանրակացարանի է նման, բայց դա էլ վատ մոդել չի։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Սողոյանը նշել է, որ այսօր Հայաստանում հոգեբուժությունը լուրջ բարեփոխման ու արդիականացման կարիք ունի։ Մասնավորապես հոգեբուժական հաստատությունները հիվանդների խնամքի համար զգալիորեն բարելավված պայմանների կարիք ունեն, էլ չասենք այն մասին, որ փակ տեսակի բուժարանների մոդելը սպառել է իրեն։

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի քարտուղար Խաչատուր Գասպարյանը նշել է, որ «եկել է հոգեբուժությունից հոգեկան առողջություն անցում կատարելու ժամանակը»։ «Այս կամուրջի վրա մենք պետք է մի շարք խնդիրներ լուծենք, մենք պետք է փոխենք մեր մտածողությունը, հասկանանք, որ միայն դեղերը բավարար չեն մարդկանց հոգեպես առողջ դարձնելու համար», – ասել է նա։ Խաչատուր Գասպարյանի խոսքով եկել է ժամանակը ստեղծել հոգեկան առողջության համայնքային հաստատություններ։ Նա նշել է, որ պետական ֆինանսավորումը, որը այսօր հատկացվում է հոգեբուժարաններին, պետք է հատկացվի արտահիվանդանոցային ծառայություններին, ու լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա ՝ դա է ապացուցում համաշխարհային փորձը։

Որպես նոր մոդելների այսօրվա դրությամբ կայացած փոքրիկ կղզյակներ՝ հավաքված հոգեբույժները առանձնացրեցին «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնն ու «Ռեքավերի» քոլեջը։ «Ռեքավերի» քոլեջի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանը հիշեցրեց, որ քոլեջն այն վայրն է, որտեղ չկան հիվանդներ, այստեղ կան ուսանողներ ու դասախոսներ, ու խնդիրներ ունեցող մարդիկ կարող են հավասարաչափ թե ունկնդիր, թե դասավանդող լինել՝ նրանք իրենց փորձն են կիսում քոլեջի մյուս այցելուների հետ։ «Ռեքավերի» քոլեջն արդեն «ուսանողների» երրորդ հոսքն է հավաքում։

http://med.news.am/arm/news/11973/spitaki-khnamqi-tun-u-reqaveri-qolej-ancum-hogebuzhutyunic-hogekan-aroxjutyan.html

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика