«Չհանգստանալու բացասական հետևանքները»

«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան Սոնա Հարությունյանը նշեց. «Հոգեբանական տեսանկյունից կարեւոր է օգտագործել հանգիստը նախեւառաջ մարդուն հնարավորություն տալու համար ուժ հավաքել ու ակտիվ կենսագործունեություն ծավալել: Մշտական աշխատանքը առանց հանգստանալու արդյունավետ չէ»: Չհանգստանալու պատճառով մի շարք բացասական երևույթներ կարող են ի հայտ գալ անձի մոտ: Սոնա Հարությունյանը նշեց. «Այն կարող է հանգեցնել նյարդայնության, քնի խանգարման, դյուրաբորբոքության, գլխացավերի, մեջքի ցավերի: Չհանգստանալը կարող է հանգեցնել ցրվածության, հոգնածություն, աշխատանքի արդյունավետության անկման»: Հարցին՝ հայ հասարակության շրջանում հանգստանալու ձգտումները մեծացե՞լ են, Սոնա Հարությունյանը պատասխանեց. «Մարդիկ այսօր գիտակցում են հանգստի անհրաժեշտությունը, քանի որ չհանգստանալու պարագայում անմիջականորեն նկատվում է մարդկանց մոտ գերհոգնածություն: Ուստի անհրաժեշտ է հանգստանալ մինչև հոգնածության զգացումը»:
Հանգստանալու հնարավորություն չունեցող մարդկանց հոգեբանը խորհուրդ է տալիս. «Ցանկալի է կտրվել աշխատանքից, զբաղվել հաճելի զբաղմունքներով: Հակառակ երևույթն էլ կա, երբ մարդիկ, ունենալով հանգստանալու հնարավորություն, չեն կարողանում հանգստանալ: Դա անձնային առանձնահատկության խնդիր է»: Դառնալով հանգստանալու համար արդյունավետ ժամանակահատվածի տևողությանը,Սոնա Հարությունյանը նշեց. «Հանգստի տևականության նվազագույն սանդղակը համարվում է երկու կամ երեք շաբաթը, իսկ ժամանակակից կյանքի ռիթմերով փոքր ինչ ավելի»:

Տաթև Հարությունյան

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Яндекс.Метрика